Միասնական քննությունների ավարտից հետո բողոքարկվել են հիմնականում Հայոց լեզու եւ գրականություն եւ քիմիա առարկաների միասնական թեստերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Հիմնական փուլի ավարտից հետո մենք ունեինք բողոքարկումներ։ Բողոքարկումների առյուծի բաժինն այս տարի բաժին ընկավ Հայոց լեզու եւ գրականություն եւ քիմիայի առարկաների միասնական քննությունների թեստերին։ Հայոց լեզու եւ գրականություն առարկայի համար մոտ 5000 դիմորդներից 180 դիմում-բողոք ենք ստացել, որոնց ճնշող մեծամասնությունը խնդրանք էր։ Եղան բողոքներ թեստի վերաբերյալ մինչեւ թեստի բովանդակության ծանոթանալը, տարածվեցին լուրեր, թե թեստերը կազմված են շտեմարաններից դուրս, սակայն ԳԹԿ–ի մասնագետները առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որոնցից կազմված էին թեստերը, պարզապես այս տարի ինչպես նշել էր ԿԳ նախարարը անգիր անելու հատվածը ինչ–որ չափով դուրս մնաց, փոխվեցին առաջադրանքի պատասխանների տեղերը, այդ է պատճառը, որ այս տարի Հայոց լեզու եւ գրականություն առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար՝ դիմորդների 19.6 տոկոսը։ Ամենից շատ բացասադական գնահատական են ստացել հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 1162 դիմորդ, դիմորդների թիվը 4540»,–նշեց նա։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ քիմիայից 20 միավոր ստացել է ընդամենը մեկ հոգի։ Այս առարկայի թեստերից բողոքողներ եղել են, սակայն այդ բողոքները չեն բավարարվել, բոլոր առաջադրանքները եղել են շտեմարանից։

Նասիբյանի խոսքով՝ ամենից բարձր միավորները դիմորդները ստացել են օտար լեզուներից։

Նա հայոց լեզու եւ գրականության առարկայից ցածր միավորների պատճառը տեսնում է դասաժամերի կլրճատման մեջ. «Տարիներ շարունակ հայոց լեզվի դասաժամերն անընդհատ կրճատվում են։ Եթե իմ դասավանդան ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, հիմա 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամենը 1 դասաժամով ուսուցիչը պետք է ավարտի, սա լուրջ խնդիր է, եւ լուրջ քննարկման նյութ»։

Նասիբյանի խոսքով՝ թափուր տեղերն այս տարի շատ-շատ են. «Դիմորդների թիվը 10500 էր, բայց ոչ պետական եւ պետական բուհերի թափուր տեղերը 21 հազարից ավելի է, պարզ է որ 10-11 հազար տեղ պետք է թափուր մնա, բայց մենք ուղղորդում ենք հիմնականում պետական բուհերի թափուր տեղեր։ Տնտեսագիտության մասնագիտության թափուր տեղեր կան  ԵՊՀ–ում եւ Տնտեսագիտական համալսարանում»։

Նրա կարծիքով՝ Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղերի պատճառը գուցե այն էր, որ Տնտեսագիտական համալսարանը ընդունել է միայն 3 միասնական քննություններ հանձնողներին, մինչդեռ կային բուհեր որ տնտեսագիտական մասնագիտությամբ կարող են ընդունել միայն մեկ քննությունով. «Այս տարի առաջին անգամ Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղ ունենք հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ»։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը լրացուցիչ տեղեր չտրամադրեց ոչ մի բուհի, սակայն եթե երեխան անվճարի տեղի հետ հավասար միավոր է հավաքել նրան հնարավորություն են տվել ուսումն անվճար շարունակել, այդպիսի 36 դեպք է եղել։

Նա շեշտեց նաեւ, որ եթե նախորդ տարիներին Բժշկական համալսարանում բուժական գործ մասնագիտությամբ ընդունվում էին 25-26 միավորով երկու քննություններից, այս տարի նիշը եղավ 30.25, բարձր է եղել նաեւ մրցակցությունը Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում։

Նասիբյանի փոխանցմամբ՝ պահանջված մասնագիտությունների ցանկում որոշակի փոփոխություններ կան. «Տնտեսագիտությունից որոշակի հետ քաշվեցին դիմորդները, գնացին դեպի օտար լեզուներ, բարձր տեխնոլոգիաները պահպանեցին հետաքրքրությունը, իրավագիտությունը մնաց նույնը, սակայն ընդունելություան շեմը 47.5 էր այս տարի»։

ԳԹԿ–ում մի քանի տարի է՝ մտահոգություններ կան ֆիզիկայի եւ քիմիայի ուղղություններով թերբեռնվածության  առումով. «Այս տարի ֆիզիկայի մասնագիտությունների գծով ունենք 40 թափուր տեղ»։