Մեր հանձնառությունը՝ դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու ամբողջությամբ ուժի մեջ է, եւ մենք դա իրականացնելու ենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Վեթինգը մի գործիք է, որը ստուգում է պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին որոշակի չափանիշներով: Հիմա մշակվում են այդ չափանիշները, օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք հիմա մշակվում են արդարադատության նախարարությունում: Սեպտեմբերին կքննարկենք եւ կընդունենք, որի հիման վրա էլ տեղի կունենա այդ ստուգման գործընթացը: Հիմա դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, ըստ էության, նշանակություն չունի»,-ասաց Լենա Նազարյանը:

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են հրաժարվել վեթինգի գաղափարից, Լենա Նազարյանն ասաց. «Ես չեմ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, ես դեռ չգիտեմ ինչ փաստաթուղթ է, ինչ արձանագրություն է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել, սեւագիր է, թե սեւագիր չէ: Առհասարակ անհասկանալի է, եւ ես չեմ ուզում մեկնաբանել: Ես ընդամենն ուզում եմ վերահաստատել եւս մեկ անգամ մեր հանձնառությունը դատական համակարգի առողջացնելո, բարեփոխելու վերաբերյալ:

Դա իրականացվելու է այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք: Մասնավորապես, դատավորների բարեվարքությունը, ունեցվածքի եւ նրանց եկամուտների համապատասխանությունը եւ այլն»:

Լրագրողները նկատեցին, որ երեկ մի շարք փաստաբաններ նշել են, որ այդ փաստաթուղթը ներկայացրել է Վարդան Պողոսյանը, ով Սահմանադրության համահեղինակներից է, որքանո՞վ է ընդունելի, որ Վենետիկի հանձնաժողովում դեռեւս Հայաստանը ներկայացնում է Վարդան Պողոսյանը: Ի պատասխան Լենա Նազարյանն ասաց. «Չգիտեմ, այդ հարցը կարող է քննարկման առարկա լինել կառավարությունում, եւ վստահ եմ՝ հետեւություններ կլինեն, եթե լինեն կասկածներ»: