Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այս օրերին գտնվում է Հայաստանում: Առաքելության հիմնական նպատակն է աջակցել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում, մասնավորապես, ներկայացնելով առաջարկություններ երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի եւ ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման վերաբերյալ:

Այդ նպատակով այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի եւ ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիննների, երիտասարդական եւ միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրվել էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, շնորհակալությւոն հայտնելով ԵԽ փորձագիտական խմբին՝ ՀՀ իշխանություններին աջակցելու համար, նշել է, որ այսօրվա հանդիպումը միտված է ոլորտում առկա խնդիրների քննարկմանը եւ դրանց լուծման ուղիների մշակմանը: «Բոլորովին վերջերս ստանձնելով ոլորտի կառավարումը՝ միանգամից բացահայտեցի, թե որքան անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության կատարելագործման առումով՝ հատկապես իրավական դաշտում: Երիտասարդների ներգրավվածությունն ակտիվ հասարակական-քաղաքական կյանքին մեր գերնպատակն է, եւ մեր ցանկությունն է ունենալ կրթված ու բանիմաց երիտասարդություն: Որպես նոր Հայաստանի  ամենաերիտասարդ պետական պաշտոնյա՝ ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ստանձնել ոլորտի կառավարումը: Երիտասարդներն իրենց կարողությունները ցույց են տվել միշտ ու բոլոր հնարավոր մակարդակներում.  այդ կարողությունների լավագույն ցուցադրումը եղավ նաեւ թավշա հեղափոխության ժամանակ երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավումը երկրում տիրող գործընթացներում»,-նշել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ շատ արագ հնարավոր կլինի կանոնակարգել ոլորտը, եւ ժամանակի հրամայական է՝ ունենալ երիտասարդության մասին առանձին օրենք եւ ռազմավարություն:

Նշենք, որ  ԵԽ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ եւ եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:

Հուլիսի 17-ին նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հուլիսի 18-ին փորձագիտական խումբն այցի արդյունքները կամփոփի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ: