Ամուլսարի պաշտպաններից 7 հոգի պատրաստվում են համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի հետ, նրանք հուլիսի 19-ին հանդիպելու են Քննչական կոմիտեի անդամների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակ Բունիաթյանը։

«Մեզ քննչականից հրավիրել են համագործակցելու։ Մենք լիքը փաստեր ու բողոքներ ունենք, որն էլ ներառված չի եղել քննչական այդ գործի շրջանակներում։ Մեզ ասել են, եթե ցանկություն ունեք համագործակցելու, եւ գործին օգնող տվյալներ ունեք, ապա կարող եք գալ, եւ մենք կքննարկենք։ Այնուհետեւ մենք էլ որոշում կկայացնենք ջերմուկցիների հետ, թո՞ւյլ ենք տալիս մտնել փորձագետներին, թե՝ ոչ»,- ասաց Ամուլսարի պաշտպանը։

Նա պատմեց, որ հուլիսի 13-ին, տեղական փորձագետները եւ Լիդիանի աշխատակիցները Վայոց ձորի ոստիկանական ուժով փորձել են մտնել Ամուլսարի տարածք։ Հայտնեց նաեւ, որ փորձագետները եղել են «Լիդիան Արմենիա» ընկերության մեքենաներով, որը բնակիչների եւ պաշտպանների մոտ կասկածի առիթ է տվել. «Մենք ասացինք, որ Լիդիանի աշխատակիցները եթե չգան, թույլ կտանք։ Իրենք այդ աշխատակիցների գալը հիմնավորեցին որպես՝ տարածքին ծանոթ մարդ։ Մենք ասեցինք, որ չենք վստահում Լիդիանին եւ շատ հավանական է, որ իրենք սխալ տեղ տանեն, եւ ուզում ենք, որ բնակիչներից էլ գնան իրենց հետ։ Այդ տարբերակն էլ չընդունեցին ու սկսեցին մարդկանց քաշքշել եւ բերման ենթարկել»։

Ավելի վաղ Շիրակ Բունիաթյանը հայտնել էր, որ Ամուլսարում իրավիճակը «թեժ» էր. «Անցյալ տարի, հենց այս օրերին տեսչական մարմնի կողմից փորձաքննության ժամանակ հայտնաբերվեց, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում տեղի է ունեցել ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Շուրջ մեկ տարի գոնե անրության լայն շերտերի համար չկար հասանելի տեղեկություն այդ գործի առիթով։

Քննչական Կոմիտեն իր կողմից հրավիրված տեղական փորձագետներ եւ Լիդիանի աշխատակիցներ Վայոց ձորի ողջ ոստիկանական ուժը հավաքել եկել էին որպեսզի ներս մտնեն տարածք։ Հենց առաջին իսկ վարկյանից ոստիկանները ցուցաբերել են ագրեսիվ եւ անհանդուրժող վարքագիծ այդտեղ հավաքված բնակչության նկատմամբ։

Նախ փորձագետները Լիդիանի մեքենաներում էին նստել, այն դեպքում, երբ ամիսներ առաջ, երբ կրկին քննչական կոմիտեն ԷԼԱՐԴԻ փորձագետների հետ էր եկել նրանց տրամադրված էր առանձին մեքենա եւ բնակիչներին ու Լիդիանի աշխատակիցներին արգելում էր խոսել եւ շփվել փորձագետների հետ։ Այդ ժամանակ մեզ ասացին, որ դա արվում է փորձագետների անկախ եւ անկողմնակալ դիրքը պահելու համար։ Իսկ հիմի գալիս են Լիդիանի մեքենաներով ու իրար հետ էլ ջերմ զրուցելով։

Մենք ասացինք, որ վաղը մեծ ժողով է լինելու Ջերմուկում եւ կքննարկենք բոլորով ու կասենք մեր դիրքորոշումը։ Այդ տարբերակը չընդունվեց նրանց կողմից ու սկսեցին էլի հրմշտել։ Մենք ասացինք, որ Լիդիանի աշխատակիցները եթե չգան թույլ կտանք։ Իրենք այդ աշխատակիցների գալը հիմնավորեցին որպես տարածքին ծանոթ մարդ։ Մենք ասեցինք, որ չենք վստահում Լիդիանին եւ շատ հավանական է, որ իրենք սխալ տեղ տանեն եւ ուզում ենք, որ բնակիչներից էլ գնան իրենց հետ։ Այդ տարբերակն էլ չընդունեցին ու սկսեցին մարդկանց քաշքշել եւ բերման ենթարկել։ Դե հետո կրքերը բորբոքեցին հասան իրենց գագաթնակետին ու ոստիկանների մեջ եղան խելամիտ դատող մարդիկ, որի արդյունքում որոշեցին որ այսօր այլեւս փորձ չի արվի տարածք մտնելու ։ Արդյունքում ոստիկանները խաղաղ հեռացան բերման ենթարկված բնակիչները ազատ արձակվեցին մեր պոստերը ամուր իրենց տեղում են դե ԱՄՈՒԼՍԱՐՆ էլ վեհ թիկնել ու հպարտանում է իր ՊԱՀԱՊԱՆ զավակներով»։