ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Տեղաբաշխման ենթակա ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10 մլն. ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

ՀՀ դրամով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ. ՀՀ դրամ, որը ներառում է 150,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ օգոստոսի 2-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսեր ձեռք բերելու համար պետք է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումներով:

https://bit.ly/2Ka0RwN, https://bit.ly/2Z0i5kx:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: