Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետեւողական է, որպեսզի առողջական որեւէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի Զինված ուժեր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսեւորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչեւ նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ զինծառայող Յուրի Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» բուժումը ստանալուց հետո հեռացել է անհայտ ուղղությամբ եւ չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Սակայն տղայի մայրը ւ իրավապաշտպանները նշում են, որ Յուրի Բրոյանը չի բուժվել, ընդհակառակը, նրա մոտ սրվել են որոշ հիվանդություններ, այդ թվում հոգեկան: