Արագածոտնի մարզի Զովասարի համայնքապետ Կիրակոս Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետը։ Նշենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Գյուղապետը պատմեց, որ համայնքից 5 կմ հեռավորության վրա, 1960-ական թվականներից մնացած ավազահողի կուտակումների որոշակի քանակ կա։ 2018 թվականին Զովասարի հարակից համայնքներից մեկի 3 բնակիչներ փորձել են գողանալ այդ ավազահողից, եւ շտապելով արագ-արագ սկսել են բեռնել ավազահողը՝ եւ որոշակի շերտ փլվել է բեռնողներից մեկի վրա, վերջինս մահացել է։

Նա ասաց, որ համայնքապետարանը ցուցանակ էր դրել այդ տարածքում, որի վրա գրված է եղել՝  «չի կարելի ավազը տանել»։

«Ինչո՞ւ է հիմա մեղադրանք առաջադրվել, 3 անգամ Քննչական կոմիտեից եկան, քննեցին, տեսան՝ ոչ մի մեղադրական բան չկա, հիմա նորից դատախազը անհիմն գործ է բացել։ Եթե ես այնտեղ իրավունք չունեմ պահակ նշանակելու, ես էլ որտեղի՞ց պետք է իմանամ, որ այդ մարդն եկել է ավազ գողանալու, ավազը փլվել է իր վրա եւ նա մահացել է»,- ասաց նա։

Համայնքապետն ասաց, որ մահացածին ինքը չի ճանաչում։ Ավազահողն էլ համայնքի համար չի օգտագործվել, շինարարությանը ոչ պիտանի է եղել։

«Ես իմ մեղքը չեմ ընդունում, անօրինական ձեւով են ինձ մեղադրում։ Անգամ հարազատներից ոչ ոք չի բողոքել, իրենք գիտեն, որ այդ մարդու մեղքով է եղել։ Էլ գողն ինչպե՞ս կբողոքի։ Ի՞նչ մեղք ունեմ, որ գողն իր գործը չի հասցրել ավարտին»,- պատմեց Կիրակոսյանը։

Նշենք, որ գործը օրեր առաջ վարույթ է ընդունվել Արագածոտնի մարզի դատարանում։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Կիրակոս Պողոսյանը  2005թ․-ի սեպտեմբեր ամսից հանդիսանալով Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող, Բուղութլու կոչվող տեղամասում ավազի պաշարով հաստատված հողամասի օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում՝ նշված տեղամասից ավազ բեռնելու ժամանակ 2018թ․-ի հոկտեմբերի 15-ին ժամը 15։00-ի սահմաններում՝ Ռ․ Ավոյանը մնացել է փլուզված ավազի շերտի տակ եւ մահացել։