Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը բլոկադայի մասնակից, Մարիինյան թատրոնի հին աշխատակցու սպանության գործի մասնակիցներ Գալինա Հուսեյնովային  եւ Ռազմիկ Հակոբյանին դատապարտել է  15 եւ 17 տարվա ազատազրկման, հայտնում է քաղաքի դատարնների միացյալ մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիսի սկզբին ատենակալների կոլլեգիան Պետերբուրգում բլոկադայի մասնակցի գործով Գալինա Հուսեյնովային, Սենիկ Նարոյանին եւ Ռազմիկ Հակոբյանին մեղավոր եւ ներողամտությանը անարժան էր ճանաչել:

Գործի մասնակիցներից մեկի՝ Սենիկ Նարոյանի մարմինն ավելի ուշ հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային տարածքում:

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը ատենակալների վճռի հիման վրա հրապարակել է Գալինա Հուսեյնովայի եւ Ռազմիկ Հակոբյանի դատավճիռները:

«Դատարանը պատիժ է նշանակել. Հուսեյնովային 15 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Հակոբյանին՝ 7 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննության տվյալներով՝ Գալինա Հուսեյնովան, աշխատելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկում, խնամակալական ծառայություններ է մատուցել 93-ամյա միայնակ կնոջը՝ շրջափակված Լենինգրադի բնակչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 2-րդ խմբի հաշմանդամ, Մարիինյան թատրոնի ավագագույն աշխատակից Նինա Մացինային։ Մեղադրյալն իմացել է, որ վետերանը խնայողություններ եւ արժեթղթեր ունի։

2017-ի աշնանը Հուսեյնովան որոշել է ստեղծել հանցավոր խումբ, որպեսզի հարձակվի տուժածի վրա, եւ մշակել է հանցագործության պլան։ Որպես հանցակիցներ հանդես են եկել Սենիկ Նարոյանը եւ Ռազմիկ Հակոբյանը։ ՔԿ տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ին Հուսեյնովան մտել է կնոջ բնակարան, ինչից հետո այնտեղ է մտել Նարոյանը, այդ ժամանակ Հակոբյանը հետեւում էր շրջակա իրադրությանը։
Հուսեյնովան եւ Նարոյանը ծեծել են տուժածին՝ նրան հասցնելով բռունցքի 25 հարված։ Հանցակիցները բնակարանից գողացել են բանկային քարտ, ֆոտոքարտ՝ շրջանակում ինքնագրով, ինչպես նաեւ մոտ 130 հազար ռուբլի։ Հետո Հուսեյնովան եւ Նարոյանը խեղդել են տուժածին, ինչից հետո Հակոբյանի հետ միասին փախել են պատահարի վայրից։ Սպանության մեջ կասկածվողները կալանվել են անցած տարի։