ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են «օրենքով գողերին» պահել մյուս կալանավորներից առանձին բանտերում: Այս մասին հայտարարել է օրինագծերի համապատասխան փաթեթի հեղինակ, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Խինշտեյնը («Եդինայա Ռոսիա» խմբակցություն), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա ապրիլին օրենք է ստորագրել, որով քրեական օրենսգրքում հոդված է ավելանում «հանցավոր հիերարխիայի բարձր դիրք գրավելու մասին»՝ մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ:

«Նախագահի ստորագրած օրենքը ենթադրում է, որ «օրենքով գող» լինելն արդեն ծանր հանցանք է… Այդ կապակցությամբ մենք առաջարկում ենք մարդկանց, որոնոք ձերբակալվել կամ մեղադրվում են հանցանքի նման կետով, պահել այլ անձանցից առանձին բանտերում»,- ասել է Խինշտեյնը:

Նրա կարծիքով՝ այդ ծրագրի իրականացման դեպքում «քրեական հեղինակություններին դժվար կլինի իրենց հանցավոր կապերն օգտագործել հակաիրավական գործողությունների համակարգման համար»: Պատգամավորը նաեւ ուշադրություն է դարձրել նրան, որ «այսօր արդեն կա պրակտիկա, երբ ազատազրկման վայրերում, քննչական մեկուսարաններում կամ գաղութներում առանձին են պահվում հատկապես վտանգավոր հանցագործներ՝ ռեցիդիվիստներ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել, կամ անձինք, որոնց մահապատիժը փոխարինել են երկարաժամկետ ազատազրկման:

Ընդ որում, պատգամավորը նշել է, որ «օրենքով գողերի» համար առաջարկվում է «առանձին գոտիներ» ստեղծել:

«Օրենքով գողերի» դեմ օրենք

«Հանցավոր հիերարխիայի բարձր դիրք գրավելու մասին» քրեական օրենսգրքի նոր հոդվածով ենթադրվում է 8-15 տարվա ազատազրկում, մինչեւ 5 մլն ռուբլու չափով հնարավոր տուգանք, կամ աշխատավարձի կամ այլ եկամտի չափով տուգանք:

Բացի այդ, օրենքով նախատեսված է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց նկատմամբ չի կարող նվազգույն չափից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել:

ՌԴ ՔՕ-ի 210 հոդվածի մի մասը առանձին նորմի կարգավիճակ է ստացել: Այն նախատեսում է պատիժ մեկ կամ մի քանի ծանր կամ հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խումբ ստեղծելու համար, ինչպես նաեւ քրեական խմբավորում կամ դրա կազմի մեջ մտնող ստորաբաժանումներ ղեկավարելու համար: Հանցագործություն կատարելու նպատակով քրեական խմբավորումների կամ կազմակերպված խմբերի կազմակերպիչների, ղեկավարների կամ ներկայացուցիչների հավաքներին մասնակցելու համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում եւ մինչեւ 1 մլն ռուբլի տուգանք: