Մեր գլոբալ խնդիրն այն է, որ այսօր մեր ճանապարհներին տիրում է անպատժելիությունը։ Հենց այդ պատճառով է իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Facebook-ում «Մի արեք այսպես» խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը՝ մեկնաբանելով տրանսպորտի ոլորտի հնարավոր բարեփոխումները։

Նրա կարծիքով՝ Ճանապարհային ոստիկանությունը պետք է հավուր պատշաճի մոտիվացված լինի, որպեսզի ավելի լավ կատարի իր աշխատանքը։

«Հիմա նրանց լրացուցիչ եկամուտը փաստորեն անհետացել է, քանի որ երկրում այլեւս չկա համակարգային կոռուպցիա։ Նրանք մնացել են աշխատավարձի եւ բենզինի հույսին, որոնք նրանց տալիս է պետությունը։ Իսկ ստանում են նրանք օրն ընդամենը տասը լիտր բենզին։ Դա չափազանց քիչ է։ Եթե Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը որոշի բռնել կարգախախտին, նա ստիպված է լինելու ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո պետք է դադարեցնի խախտողին հետապնդելը»,- պարզաբանել է Հարությունյանը։

Նա նաեւ ընդգծել է, որ առաջարկում է վիճակագրություն վարել։

«Օրինակ, որ փողոցներում են գրանցվել ՃՏՊ դեպքերը մահացու ելքերով, եւ ինչ խախտումների պատճառով են դրանք տեղի ունեցել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ արագության սահմանափակումը մայրաքաղաքում հազիվ թե թույլ տա կրճատել մահվան դեպքերը ճանապարհներին։