Վրաստանում ՀՀ դեսպանատան իրավաբանն այսօր՝ հուլիսի 16-ի առավոտյան հանդիպել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացու  հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

«Նա իրեն լավ է զգում, որեւէ բողոք չունի, իրավաբանը նրան դեսպանության համարն է փոխանցել, որպեսզի ցանկացած հարցի դեպքում զանգահարի, օրենքի սահմաններում ինչ օգնություն պետք է, կցուցաբերենք։ Շոր է ցանկացել, բարեկամների հետ կապվել ենք, կտրամադրեն, բարեկամներին ենք օգնում, որ գնան, կալանավորված քաղաքացուն տեսնեն, քանի որ քաղաքին ծանոթ չեն, տեխնիկական մասով ինչով կարողանում ենք, օգնում ենք, մինչեւ դատը լինի, տեսնենք իրավական ինչ օգնություն կարող ենք տրամադրել»,–հայտնում են ՀՀ դեսպանատնից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․–ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Նշենք, որ Վրաստանում կալանավորված քաղաքացին պնդում է, որ 71 կգ ռադիոակտիվ նյութը գնել է, ուրիշ բան է ցանկացել գնել, սակայն իրեն այդ նյութն  են տվել։