Չինաստանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունն այն մասին, թե Պեկինին պետք է առեւտրային գործարքը Վաշինգտոնի հետ Չինաստանի տնտեսության աճի դանդաղման պատճառով։ Պեկինը տեղեկացրել է, որ դա «լիովին հակասում է իրականությանը», եւ որ երկու երկրները ցանկանում են հասնել համաձայնության, տեղեկացնում է Reuters-ը։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանն ասել է, որ, հաշվի առնելով գլոբալ տնտեսական անորոշությունը եւ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերն առաջին կիսամյակում վատ չեն եղել եւ համապատասխանել են արտաքին սպասումներին։

Չինաստանի կայուն աճը բարենպաստ է ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլեւ ԱՄՆ տնտեսության համար, նշել է նա։ «Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այսպես կոչված՝ «Չինաստանը հույս ունի արագ հասնել համաձայնության ԱՄՆ-ի հետ, որովհետեւ չինական տնտեսությունը դանդաղում է» դիրքորոշումը լիովին հակասում է իրականությանը»,- ավելացրել է նա։

«Առեւտրատնտեսական համաձայնագրի ձեռքբերումը բնավ Չինաստանի միակողմանի ցանկությունը չէ։ Ամերիկյան կողմը նույնպես այդ ցանկությունն ունի»։

Նրա խոսքով՝ շատերը Միացյալ Նահանգներում վճռականապես դեմ են տուրքերին եւ առեւտրային պատերազմին։ «Ես նորից կոչ եմ անում ամերիկյան կողմին համագործակցել Չինաստանի հետ, ընդառաջել միմյանց եւ փոխադարձ հարգանքի եւ հարաբերությունների հիման վրա ձգտել հասնել փոխշահավետ, անպայման շահող համաձայնության։ Դա համապատասխանում է երկու երկրների շահերին եւ միջազգային հանրության ակնկալիքներին»։