Կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ եւ էլի խնդիրներ… Բաբայանները տան շինարարության խնդիր ունեն՝ տեւական ժամանակ: Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի: Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդին՝ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով: Դժբախտ պատահարի հետեւանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեեւ կրտսեր եղբոր՝ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը: Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրը՝ Սոնան, երազում է իր եւ ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաեւ տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է եւ վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրեւաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետեւանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,-ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան:

Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչեւ տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը: