Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է իր առնչությունը արգելված որսի պայմաններում Սևանա լճից ձեռք բերված սիգ ձկնատեսակի իրացման փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ։

«Բացարձակապես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ։ Ճիշտ են արել, որ հարուցել են, ես եմ ուզում, որ հարուցեն, հասկանան` ինչ է լինում, արդյունքները կլինեն, կիմանանք»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ առնչություն ունի նա պահածոյացված սիգ արտադրող «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. ««Գալիլիա» ՍՊԸ-ի սեփականատերն իմ զոքանչն է, սակայն ընկերության արտադրամասում ուրիշ տնօրեն է աշխատել, մենք ի՞նչ կապ ունենք, ես կանսերվա զակատ անող ե՞մ։ Դա զոքանչիս անունով ձևակերպված տարածք է, որը վարձակալական հիմքունքներով  տրված է մարդկանց, որոնք աշխատում են։ Ուղղակի երևի մտածում են՝ Գասպարյանը կանսերվա փակող է, նման նյութ են հրապարակել»։

Ավելի վաղ  fip.am կայքն իր «Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով»  տեղեկություններ էր հրապարակել պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից «Գալիլիա» ՍՊԸ-ի մասին՝ հայտնելով այդ ընկերության հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի առնչության մասին։ Կայքը գրել էր, որ «Գալիլիայի» արտադրած պահածոյացված սիգն արտահանվում է ԱՄՆ։ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես սիգ ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Պարզվել է, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել։ Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված`   մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: