ՀՀ կառավարության հուլիսի 18-ին կայանալիք նիստում կքննարկվի 2008 թվականի  մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ դիմումի քննարկման եւ աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։

Համաձայն նիստի օրակարգի՝ տուժածների աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝ հետեւյալ չափերով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

 Այս հարցը կառավարության նիստում կզեկուցի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։