Հուլիսի 9-10-ը Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020թթ.-ին նախատեսված 2021-2030թթ. ռազմավարության նախագիծը։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են միասնական «Մետաքսի ճանապարհ» վիզայի (շենգեն վիզայի սկզբունքով) ներդրման հնարավորություններին, ինչպես նաեւ քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման առաջարկությունը։

Հայկական կողմի առաջարկով, 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։

Նիստի շրջանակներում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը եւ «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում եւ տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը։ Ցուցահանդեսին մասնակցություն է ապահովել Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իսկ սեմինարին՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը։

ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի եւ Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր։