Սեւանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչեւ 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,–ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. «11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով: Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա էին անում Սեւանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների սեփականատերերը։ Նրանք փակել էին Երեւան–Սեւան մայրուղին եւ պահանջում էին, որ առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարները հերքեն իրենց հայտարարությունը, թե Սեւանի ջուրը եւ դրանում լողալը վտանգավոր են։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հանդիպեց ցուցարարների հետ, նրանց համոզեց սպասել մինչեւ չորեքշաբթի, որ այս նախարարությունները հայտարարություններով հանդես գան, հակառակ դեպքում ինքը կգա եւ ցուցարարների հետ ճանապարհ կփակի։