Աղետի գոտուն 3 մլրդ դրամ է կառավարությունը հատկացնելու, որպեսզի այդ թեման փակվի մեկընդմիշտ։ Այսօր խարհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, որ խնդիրը մինչեւ վերջին դետալը լուծված չէ, քանի որ դեռեւս չեն որոշել՝ ինչպես են այդ փողը հասցնելու քաղաքացուն՝ բնակարանների գնման վկայագրեր հանձնելով, թե՞ շենքեր կառուցելով։

Այսօր աղմկոտ էր կառավարության շենքի առաջ։ Քաղցրաշեն գյուղի բնակիչները էին հավաքվել, բողոքում էին, որ ոռոգման ջուր չունեն, ծառերը չորանում են։ Եկել էին Փաշինյանի հետ հանդիպելու։  Գյուղացիները Երեւան են եկել՝ հույսը կտրած Արարատի մարզպետից։ Նա նույնիսկ, ասում են, բերքի այս սեզոնին թողել, արձակուրդ է գնացել։ Քաղցրաշենցիները պատմում էին, որ ջրի պատճառով գյուղում էլ վեճ ու կռիվ է ընկել, բարեկամը բարեկամի դեմ է ելնում, ջրբաշխին էլ քանի անգամ ծեծել են։ Տեսնելով, որ բացի դիմումների բաժնի աշխատակցից՝ արձագանքող չկա, քաղցրաշենցիները որոշեցին փակել փողոցը։ Կարճ տեւեց։ Ոստիկանները հրելով հեռացրին նրանց։ Ցուցարարները վերադարձան կառավարության բակ եւ նստացույց սկսեցին՝ նույն պահանջով՝ հանդիպում Փաշինյանի հետ ։ Ի վերջո մոտեցող եղավ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը եկավ՝ անակնկալ լուրով՝ պոմպը այս պահին բավարար չափով ջուր է մղում։ Գյուղացիները չհավատացին, որոշեցին միասին գնալ գյուղ, տեղում ստուգել՝ ջուր կա, թե ոչ։ Ակցիան այդպիսով ավարտվեց։

Այսօր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն էր, որ սակայն կարճ տեւեց՝ Մանվել Գրիգորյանը դարձյալ չէր ներկայացել դատարան առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպանները պնդում են, որ գեներալի հիվանդությունները խորանում են, եւ որպեսզի համոզիչ լինեն դատարանի առաջ, արտահսահմանից պրոֆեսորներ են հրավիրել՝ Մանվել Գրիգորյանին հետազոտելու համար։

Ինչպես երեկ հայտնի դարձավ Վատիկանի հանձնաժողովի զեկույցից, մեր իշխանությունները ընդունել են, որ համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ օգտակար։ Վեթինգից հրաժարվելով սակայն դատավորների բարեվարքությունը, գույքային վիճակը ստուգելու գաղափարից չեն հրաժարվելու, այսօր խորհրդրանի փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին հայտնել է, որ արդեն սեպտեմբերին կհստակեցվեն այդ գործիքները եւ հավանաբար նաեւ կհաստատվեն։

Սեւանի ափերի վարձակալների երեկվա բողոքը կարծես տեղ է հասնում։ Առողջապահության նախարարությունը լճում չլողալու հորդորից հետո այսօր ջրի մաքրության տվյալներ է հրապարակել։ Նախարար Թորոսյանը հայտնել է, որ  11 փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրումը շարունակվում է: «2-ում դեռ առկա են չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով»,- ասել է նա։:

Լոռու մարզի Ձորագետը ցամաքելու եզրին է։ Նախկինում այս գետը առատ ջուր է ունեցել, հիմա նրանից մի բարակ առվակ է մնացել՝ ամենայն հավանականությամբ հէկերի պատճառով։ Հարեւան Կաթնառատ համայնքի բնակիչները խնդրում են իշխանություններին փրկել գետը։

Նախիջեւանի հետ սահմանին երեկ՝ հուլիսի 15-ին, հրդեհ է բռնկվել հակառակորդի կրակոցի հետեւանքով։ Խաչիկի գյուղապետ Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին ասաց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, հավանաբար կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցներից։ Ադրբեջանական կողմում հրդեհը շուրջ 10 հեկտար տարածվել է եւ անցել հայկական կողմ։ Հրշեջները գյուղացիների օգնությամբ մարել են կրակը՝ թուլ չտալով մոտենալ գյուղի վարելահողերին։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 593, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 60 դրամ։

Հայաստանի հյուսիսային առանձին վայրերում վաղը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36