ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուսով է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը հնարամտություն կցուցաբերեն եւ կվերսկսեն բանակցությունները՝ ուղղված միջուկային զենք ստեղծելու հարցով Փհենյանի ծրագրի դադարեցմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Ընդ որում, Պոմպեոն չի հայտնել, թե երբ կվերսկսվեն բանակցությունները: Հունիսի վերջին նա հայտնել էր, որ, հնարավոր է, հուլիսին կամ մոտակա 2-3 շաբաթների ընթացքում:

«Հուսով եմ՝ հյուսիսկորեական կողմը բանակցությունների սեղանի շուրջ կնստի գաղափարներով: Հուսով եմ, որ մենք նաեւ կկարողանանք հնարամտություն ցուցաբերել: Նախագահի դիրքորոշումն անփոփոխ է. Հյուսիսային Կորեան պետք է վերջնական ապամիջուկայնացնի թերակղզին: Դա է այդ բանակցությունների խնդիրը»,- ասել է Պոմպեոն: