Իջեւանցի փայտ վերավաճառողները այսօր՝ հուլիսի 16-ին, մոտ 3 ժամ փակ էին պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, պահանջում էին 1 խորանարդ մետրի գինը իջեցնել։ NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանն ասաց, որ 1 խորանարդ մետրի համար սահմանված է 16 հազար 800 դրամ, որն ըստ իրենց՝ իջեւանցիների համար բավականին թանկ է, իրենք կամ վերավաճառում են, կամ իրենց տների տաքացման համար են գնում։

«Մենք օրինական կարգով ենք ուզում թույլտվություն ստանանք։ Կամ վաճառենք, կամ վառենք տաքանանք։ Անտառում հատած, կոտրված եւ չորացած ծառերը անիմաստ մնում են անտառում, վերջում էլ բերում՝ այդ գնով վաճառում են մեզ, մենք էլ ինչպե՞ս կարող ենք դա վաճառել այլ մարդու, անգամ չենք կարող գնել վառելու համար»,- ասաց Արթուրը։

Նա ասաց, որ իրենց տարածաշրջանում աշխատատեղերը շատ քիչ են, եւ միակ տարբերակը մնացել է փայտի վաճառքով գումար վաստակելը. «Միակ ապրելու միջոցը դա է մնացել, այն էլ այնքան է թանկացել։ Միայն մեզ համար չենք ուզում, մենք ամբողջ Տավուշի մարզի համար ենք ուզում դա։ Եթե մենք փորձում ենք մտնել անտառ, ապա կամ մեզ բերման են ենթարկում կամ առաջին իսկ պոստից դուրս են հանում»,- պատմեց նա։

Ակցիայի մասնակիցն ասաց, որ իրենք մի քանի անգամ դիմել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ հարցին լուծում տալու համար, սակայն նա որեւէ կերպ չի արձագանքում. «Դիմել ենք մարզպետին, ասաց 4 օրից մի բան կանի, բայց ոչ մի կերպ չի արձագանքում, 3 ժամ ա փակել էինք, չեկավ։ Եկել է միայն մարզի ոստիկանության վարչության պետը ու «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը։ Պատգամավորն էլ մեզ ասաց՝ ձեր գլխի ճարը տեսեք, իմ իրավասությունների մեջ չի մտնում, մենք կապիտալիստական երկիր ենք, կառավարությունը չի կարող օգնել ժողովրդին»։

Իջեւանցին դժգոհեց նաեւ տուգանքի չափից․ «Մեզ տուգանում են անգամ այն դեպքում, երբ այդ փայտը ոչ մի բանի համար պիտանի չի լինում, թաց կամ փչացած փայտի համար էլ են 200 հազար տուգանում»։

NEWS.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ մարզպետարանն իրավունք չունի փայտի վաճառքի վերաբերյալ որեւէ սակագին սահմանել։

«Ես ակցիայի մասնակիցների հետ այսօր առավոտյան հանդիպում եմ ունեցել։ Ապօրինի փայտահատումների կանխման համար խստացված ռեժիմ է գործում, սա դուր չի գալիս վերավաճառողներին։ Եթե իրենց համար 16 հազար 800 դրամը բարձր է, ապա կարող են այլ ծառատեսակների փայտ գնել։ Այս անտառներում 3 տեսակի ծառեր կան»,- ասաց մարզպետը։

Նա հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը սոցիալապես անապահով կամ ջեռուցման խնդիր ունեցողներին անվճար է փայտ տրամադրում, որը նաեւ այլ ընտանիքների համար բավականին մատչելի է. «Վաճառողների մասով ես ի՞նչ կարող եմ ասել։ Անօրինական ոչինչ չպետք է լինի, բնության հաշվին գումար վաստակելը խստիվ արգելվում է։ Եթե տարիներ շարունակ իրենց համար անտառահատումները եղել են եկամուտի աղբյուր, այսօր դա անօրինական գործողություն է։ Իրենք օրինական ճանապարհով կարող են գնելը փայտը, որեւէ մեկն իրենց չի արգելում, սակայն գին իջեցնել, կամ թույլ տալ, որպեսզի իրենք մտնեն անտառ, դա արդեն արգելվում է»։