Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պահանջով։

NEWS.am-ի հետ զրույցում  Տիգրան Խաչիկյանն ասաց, որ նախարարը ցանկացել աշխատել իր թիմով, իսկ ինքը չի տեղավորվել այդ թիմում. «Իմ հրաժարականը պայմանավորված էր նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությամբ եւ իմ՝ սեփական թիմում չտեղավորվելու հանգամանքով»։

Իսկ թե ինչով է պայմանավորված նախարարի այդ դիրքորոշումը, Տիգրան Խաչիկյանը նշեց, որ դա անձի ընկալման տիրույթում է. «Ցանկություն էլ չունեմ պարզելու ընկալման տիրույթը պայմանավորող գործոնները»։

Տարաձայնությունների մասով նա նշեց, որ մասնագիտական հարցերում տարաձայնությունները չեն հանգեցրել դիրքորոշումների էական տարբերությունների։

Այսօր Տիգրան Խաչիկյանը հայտնել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին։ Նա  այդ պաշտոնին էր նշանակվել 2019-ի ապրիլի 4-ին։ 

«Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում եւ մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս...»,–գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։