«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՊՊԾ գունդը կայացել է իր ընկերոջ՝ գնդում սպանված ոստիկան Արթուր Վանոյանի ջանքերով։

«Ես մի քանի տարի աշխատել եմ Արթուր Վանոյանի հետ, նա, բացի ծառայակից  լինելուց, իմ ընկերն է և ես ցավով եմ հիշում իր ընտանիքի կսկիծը»,–հայտարարեց նա։

Նա կոչ արեց «Սասնա ծռերին» մոմ վառել եկեղեցում, ապաշխարել, ոչ թե  իրենց հերոս ներկայացնել։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին: ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են միայն ոստիկանների սպանությունների կատարման համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ  Բարսեղյանը։