Զբոսաշրջության պահանջարկը գնալով մեծանում է եւ մեծանալու է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, ինչպես միշտ Հայաստանից արտագնա տուրիզմն ուղղված է ծովային հանգիստ առաջարկող երկրներ. «Մենք չունենք ծով, ունենք հրաշագեղ Սեւան, որը մեկ այլ գրավչություն ունի, բայց ծով չէ: Ծովային հանգստի նպատակով հիմնականում մեր քաղաքացիները մեկում ենք արտերկիր, հիմնականում հարեւան Վրաստան, բայց նաեւ կան այլընտրանքներ՝ Եգիպտոս, Հունաստան: Իհարկե մեկնում են նաեւ այլ երկրներ՝ ճանաչողական նպատակներով: Նաեւ հեռավոր, էկզոտիկ երկրներ այցելություններ կան: Դա լավ է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջային վայրերին, Ապրեսյանն ասաց. «Հայաստանը բացառիկ է նրանով, որ ունի զբոսաշրջության շատ բազմազան ձեւեր՝ ճանաչողական, պատմամշակութային, կրոնական, արկածային, գաստրոտուրիզմ, բժշկական, գյուղական, էկոզբոսաշրջություն, միջոցառումային զբոսաշրջություն, նաեւ սկսում է ձեւավորվել ուխտագնացություն: Բայց մենք նաեւ բացառիկ ենք նրանով, որ զբոսաշրջության տարբեր ձեւեր միախառնվում են եւ այդպես մատուցվում զբոսաշրջիկին:

Դրա համար դժվար է գնահատել, թե որն է Հայաստանում եւ Արցախում որ համայնքն է ավելի գրավիչ: Յուրաքանչյուր վայր, մարզ յուրովի է իր գրավչությամբ: Իհարկե, կան ավանդական վայրեր, բայց էդպես չպետք է լինի: Օրինակ, Գյումրին ավ թափ է առնում, չպետք է մոռանանք Ջերմուկի մասին»:

Հարցին, թե Սեւանա լճի վիճակն ինչպես է ազդել զբոսաշրջության վրա, Ապրեսյանը նկատեց, որ նախորդ տարի եւս Սեւանա լճի «ծաղկելու» երեւույթ է նկատվել. «Ոչ մեծ թվով մարդիկ, եւ տեղացիներ, եւ զբոսաշրջիկներ, կարծես մի փոքր հապաղեցին, բայց լճի ինքնամաքրման պրոցես գնաց եւ մեծ ազդեցություն չթողեց զբոսաշրջության վրա: Բարեբախտաբար այս տարի եւս ինքնամաքրման պրոցեսը գնում է: Հուսանք ամեն ինչ կկարգավորվի եւ իրավասու մարմինները հետեւողական կլինեն, որ այստեղ խնդիրներ չունենանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել Հայաստան: