Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չմանրամասնելով, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը։

Նշենք, որ խուզարկությունը կատարվել է երեկ՝ հուլիսի 16–ին։

Ավելի վաղ Politik.am-ը գրել է, որ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կապարակնքել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել  և դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նրա մոտ սահմանադրականության հետ կապված հարցեր էր առաջացրել։ Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։