ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Այսօր Հայաստանում մենք ունենք քաղբանտարկյալ, եւ եթե դեռ այդ ստատուսը չի տվել, ես համոզված եմ, որ այդ ստատուսը շուտով Եվրոպայի խորհուրդը կտա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։Անհիմն ձերբակալվել է եւ որեւէ քրեական հիմք չբերվեց»,–նշեց նա։

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը։

«Ես որպես բժիշկ սրտի ցավով եմ նայում նրան, թե ինչ են անում Մանվել Գրիգորյանի հետ։ Օգտագործում են քաղաքական տեխնոլոգիաները։ Մենք ի՞նչ գիտենք Մանվել Գրիգորյանի մասին, գիտեք այն, ինչ մեզ ներկայացվել է։ Իմ մոտ, օրինակ, տպավորվել է այն երիտասարդի արած վիդեոն, որտեղ ինքը տուշոնկաները նկարում է  եւ ասում է՝ բա որ զինվորների համար է նախատեսված, ինչո՞ւ են արջերին տալիս։ Սա քաղաքական տեխնոլոգիաների ամբողջ տրցակի մի քայլն է, մենք մտածում ենք, որ իրոք տալիս են արջերին, բայց մենք տեսե՞լ ենք, որ տուշոնկաները արջերին են տալիս։ Երեխաների նամակները, կապոցները գուցե շատ են եղել ուղարկածները, մի մասը պահել, հետո են ուղարկել, ես չեմ իմանում, որովհետեւ այդ մասին միակողմանի հայտարարություն է արվում։  Ինչի՞ համար է Մանվել Գրիգորյանը դատապարտված, ինչպե՞ս կարելի է այդպիսի առողջական վիճակով, որ մարդը կոմայի մեջ է գտնվում, տանել ու նորից կալանավորվել, ես կարող եմ մտածել, որ ուղղակի չեն ուզում, որ այդ մարդը խոսի։ Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը, եթե կատարել է հանցագործություն, թող պատասխան տա»,–նշեց նա։