Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին  տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում  է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։

«Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։

Նշենք, որ  Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ երեկ՝ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնել  եւ դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։