Ջուրը Սեւանում իրոք շատ մաքուր է, քան շատ այլ տեղերում, բայց այն խմելու ջրի հատկանիշներ չունի եւ չի կարող այդպիսին լինել։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Նունե Բակունցը՝ դիմելով պատգամավորներից մեկին, որն ասել էր, որ ջուր է խմել լճից եւ բան չի պատահել։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ  կարող են գտնվել մարդիկ, որոնց իմունիտետը նրանց թույլ է տալիս փորձել այդ ջուրը։ «Բայց ես Ձեզ խնդրում եմ, մի խոսեք այն մասին, որ ջուր եք խմում Սեւանից, եւ որ դրանում ռիսկ չկա, քանի որ անփորձ մարդիկ, ասենք՝ զբոսաշրջիկները, կարող են գալ, խմել լճից եւ հիվանդանալ»,- ասել է Բակունցը։

Նա միաժամանակ նշել է, որ հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացրել է առողջապահության նախարարությունը, պարզվել է, որ ներկայում Սեւանի ջրի թունավորում չկա։ «Մենք պարզապես պետք է հիշենք, որ ցանկանում ենք դա, թե ոչ, լիճը կենդանի օրգանիզմ է։ Ջրիմուռները, եւ առհասարակ, այս ամբողջ իրավիճակը կարող են փոխվել, ուստի պարբերաբար դիտարկումներ են անցկացվում, իսկ արդյունքների հաշվով՝ դրանց մասին անպայման կտեղեկացնենք»,- ամփոփել է պաշտոնյան։