«Էլ Չապոն» (գաճաճ) մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանն ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է AP-ը:

Բրուկլինի դաշնային դատավորը դատավճիռը կայացրել է այսօր՝ թմրանյութերի առեւտրի գործով Գուսմանին մեղադրանք առաջադրելուց 5 ամիս անց:

62-ամյա նարկոբարոնին ԱՄՆ էին տեղափոխել, որպեսզի նա դատարանի առաջ կանգներ մեքսիկական բանտերից 2 անգամ փախուստի դիմելուց հետո:

Դատավճռի կայացումից առաջ Գուսմանը բողոքել է իր պահման պայմաններից եւ դատավորին ասել, որ իրեն մերժել են արդար դատավարություն անցկացնել: Նա պնդել է, որ ԱՄՆ շրջանային դատավոր Բրայան Կոգանը չի կարողացել մանրակրկիտ ուսումնասիրել դատավորների անօրինական գործողությունների մասին հայտարարությունները:

«Երբ ինձ ԱՄՆ արտահանձնեցին, ես արդար դատավարություն էի ակնկալում, սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց»,- հայտարարել է նարկոբարոնը:

Ներկայացված ապացույցների համաձայն՝ Գուսմանի հրամանով Սինալոա թմրակարտելը պատասխանատու է եղել ԱՄՆ-ում կոկաինի եւ այլ թմրանյութերի մաքսանենգության համար: Նրա «վարձու մարդասպանների բանակը» հրաման է ստացել առեւանգել, խոշտանգել եւ սպանել նրանց, ովքեր նրան խանգարում են:

Գուսմանը զգալի չափով կտրված էր արտաքին աշխարհից, երբ 2017թ. արտահանձնվեց: Նա այդ ժամանակ շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին, որն իրենց «ուժ է տվել՝ դիմանալու այդ փորձությանը»:

Հաշվի առնելով նրա նախկին փախուստները՝ ԱՄՆ իշխանությունները նրան առանձին վայրում էին պահում խիստ վերահսկողության տակ:

Փորձագետների խոսքով՝ նա, հավանաբար, կհայտնվի Կոլորադոյում «Supermax» բանտում, որը հայտնի է «Ալկատրաս» անվանումով: Այդ բանտում կալանավորներից շատերին հեռուստացույց են տրամադրում, սակայն արտաքին աշխարհի մասին նրանց պատկերացումները 4-դյույմանոց պատուհան է: