50 տարի անց այն բանից հետո, երբ Լուսին մեկնեցին Նիլ Արմսթրոնգը, Բազզ Օլդրինն ու Մայքլ Քոլլինզը, նոր տիեզերական մրցավազք սկսվեց: Սա այն է, ինչը կարող է որոշել մարդկության ապագան, գրում է Reuter-ի սյունակագիր Փիթեր Էպպսը:

Քանի որ հոբելյանական տոնակատարությունները սկսվում են, NASA-ն լուրջ ցնցման կենտրոնում է հայտնվել, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Լուսին մարդկանց վերադարձնելու խոստման արդյունքն է, ինչը, ինչպես Թրամփն է կարծում, կնշանավորի իր վերջին նախագահական տարին 2024 թվականին: Չինաստանը հայտարարեց, որ 2030-ական թթ. մտադիր է սեփական ծրագիրն իրականացնել եւ դա անակնկալ չէր լինի, եթե ԱՄՆ-ի նոր նպատակը նմանատիպ ցնցում չառաջացներ Չինաստանի տիեզերական ծրագրում:

Հնդկաստանը վարչապետ Նարենդրա Մոդիի վարչապետության օրոք ձգտում է դառնալ 4-րդ երկիրը, որը ավտոմատ զոնդ կուղարկի Լուսին:

Chandrayaan 2-ի արձակումը վերջին պահին հետաձգվեց անբացատրելի տեխնիկական պատճառներով:

Այդ անհաջողությունը հիշեցնում է այն մասին, թե որքան բարդ կարող են լինել նման ծրագրերը, ինչպես նաեւ հիշեցնում է դրանց վրա քաղաքական ճնշման մասին:

Թրամփն ակնհայտորեն կվայելեր Լուսին վայրէջքն իր նախագահության վերջին տարում, սակայն լուսնային առաքելությունը քաղաքական առավել լայն օրակարգի մասն է կազմում:

Հնդկաստանում եւ Չինաստանում, որոնք հունվարին զոնդ ուղարկեցին Լուսնի հակառակ կողմ, տիեզերքի հետազոտությունները կապ ունեն քաղաքական ամբիցիաների հետ: Իսկ Ռուսաստանում դեռ հիշում են Յուրի Գագարինին, որն ազգային հպարտություն է համարվում:

Այն փաստը, որ NASA-ն կարող է մասնավոր սեկտորներից փորձագետների ներգրավվել, ցույց է տալիս, որ ամեն ինչ փոխվել է: Ամենամեծ հրթիռը՝ Falcon Heavy-ն, պատկանում է Իլոն Մասկի ընկերությանը: ԱՄՆ-ում տիեզերական ծրագրերի թիվն աճում է: Այն ժամանակ, երբ մարդկությունը Մարս հասնի, դրանք կարող են կոմերցիոն ծրագրեր դառնալ, այլ ոչ թե կառավարական: Իսկ շեմը չափազանց բարձր է:

Երբ ամերիկացիները 1972թ. լքեցին Լուսնի մակերեսը, «Ապոլլոն-11»-ից 3,5 տարի անց, զգացողություն կար, որ NASA-ն սպառեց իր բոլոր օգտակար գործողությունները:

Հաջորդ տասնամյակների ընթացքում ԱՄՆ տիեզերական ծրագիրը կկենտրոնանա տիեզերական մաքոքների, տիեզերական զոնդերի եւ աստղադիտակների վրա:

Եվ դա՝ նոր տեխնոլոգիաների եւ հետազոտությունների հետ մեկտեղ, լուսնային մրցավազքն այլ է դարձնում: Ազգերը վերադառնում են Լուսին, քանի որ ցանկանում են մնալ այնտեղ:

Լքելով Լուսինը՝ Արմսթրոնգն ու Օլդրինը նման գրությամբ ցուցանակ են թողել.

«Մենք եկել ենք խաղաղությամբ՝ ողջ մարդկության անունից: Մենք հուսով ենք, որ մեզ հաջորդող տղամարդիկ եւ կանայք նույնը կմտածեն եւ կզգան»: