Facebook Inc.-ի Libra կրիպտոարժույթը կարող է մեծացնել ֆինանսական հասանելիությունը, սակայն նաեւ անհանգստություն է առաջացնում՝ կապված սպառողների պաշտպանության, տվյալների գաղտնիության եւ «ետնաբեմային դոլարիզացիայի» հետ: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՀ-ը նշում է Facebook-ի ծրագրերի առնչությամբ ռիսկերն ու մտավախությունները:

«Աշխարհում կարգավորիչ մարմինների համար կարեւոր է հատուկ ուշադրություն հատկացնել այդ իրադարձություններին եւ հետեւել, որպեսզի դրանք ճիշտ քայլեր ձեռնարկեն»,- ասել է նա:  

 ԱՄՆ-ում եւ այլ երկրներում քաղաքական գործիչներն ու ֆինանսական դիտորդները մտավախություն ունեն, որ սոցցանցի 2,38 մլրդ օգտատերերի շրջանում թվային արժույթի լայն տարածումը կարող է կործանել ֆինանսական համակարգը:

Գոպինատխը հայտնել է, որ ԱՄՀ-ն հանդես կգա ֆինանսական հասանելիության ընդլայնման օգտին, եւ թվային արժույթներն այդ գործընթացում կարող են դեր խաղաղ: Սակայն նա նշել է, որ կան կարեւոր հարցեր՝ կապված օգտատերերի իրավունքների պաշտպանության, տվյալների գաղտնիության, դրամավարկային քաղաքականության վրա ազդեցության եւ այլ հարցերի հետ:

«Եթե նայենք, մասնավորապես, այն երկրներին, որոնք ռեզերվային արժույթ չունեն, ապա դա հանգեցնում է ետնաբեմային դոլարիզացիայի: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ՝ կա արդյոք հակակշռի՝ փողերի լվացումը կանխելու համար»,- նշել է նա: