Պարսից ծոցում իրավիճակը շատ վտանգավոր է՝ Իրանի տարածքային ջրերում նավերի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Իրավիճակը շատ վտանգավոր է Պարսից ծոցում նավերի առկայության պատճառով: Մեր ենթադատության ներքո գտնվում է ափային գծի 1500 մղոնը, եւ թե ինչու են այլ նավեր այնտեղ գտնվում, չգիտեմ: Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում անվտանգությամբ եւ կայունությամբ, եւ կարծում եմ, որ այդ անվտանգությունն ու կայունությունը պետք է տարածվի բոլորի վրա»,- ասել է նա:

Զարիֆը հայտարարել է, որ հանդիպումներ չի անցկացրել ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ Նյու Յորք կատարած այցի ընթացքում:

«Իհարկե, ես քայլում եմ փողոցներում, տեսնում շատ ամերիկացի, սակայն ես չեմ խոսել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, նման հանդիպումներ չեն եղել»,- ասել է նա: 

Զարիֆը մեկնաբանել է նաեւ Նյու Յորքում իր տեղաշարժի սահմանափակումը՝ ասելով.

«Դա անհարմարություն է ստեղծում մշտական ներկայացուցչության համար, սակայն ինձ համար սկզբունքային չէ. ես դուրս չեմ գալիս այդ 3 շենքերից, որտեղ կարող եմ գտնվել (օդանավակայանը, հյուրանոցն ու ՄԱԿ-ի շենքը)»:  

Նա նաեւ հայտնել է, որ եվրոպական երկրները պատրաստ չեն ներդրում կատարել Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում: