Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում, իսկ որեւէ միջամտություն առհասարակ անթույալտրելի է: Այս մասին իրավաբան-սահմանադրագետ Արամ Վարդեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Ի տարբերություն պետական իշխանության ցանկացած այլ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը եւ հարգանքը անհամեմատ ավելի բարձր մակարդակի պետք է լինի:

Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում, իսկ որեւէ միջամտություն առհասարակ անթույալտրելի է: Նշված սկզբունքային կանոնից բացառությունները պետք է լինեն ոչ թե զուտ պատճառաբանված, այլ չափազանց պատճառաբանված եւ օրենքին համապատասխան:

Հանրությունը, առավելեւս մասնագիտական համայնքը նման պատճառաբանություններին պետք է տեղեկանա, քանի որ հակառակ իրավիճակը՝ վտանգելու է ոչ միայն դատավորների անկախությունը, այլ մեր երկրում իրավական անվտանգությունը:

ԶԼՄ-ների կողմից տարածվում է տեղեկատվություն, առ այն, որ օպերատիվ գործողություններ են իրականացվում Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ:

Նախ, հուսով եմ, որ այն որեւէ աղերս չունի իրականության հետ, քանի որ նման նախադեպ որքան, որ տեղյակ եմ ժամանակակից որեւէ ժողովրդավարական երկրում տեղի չի ունեցել: Երկրորդ, եթե այն համապատասխանում է իրականությանը, պետք է տրամադրվեն այն բացառիկ, չափազանց հիմնավոր պատճառները, օրենքով սահմանված կարգի խստորեն պահպանմամբ դրանք նախաձեռնելու համար, հակառակը ուղղակիորեն վկայելու է՝ Սահմանադրական դատարանի գործունեությանը, Բարձր դատարանի դատավորների առնվազն անկախությանը, միջամտելու մասին, ինչն իր հերթին առաջացնելու է իրավական հետեւանքներ:

Հուսանք այս լուրերը պարզապես կհերքվեն եւ կորակվեն իրականությանը չհամապատասխանող»։