Մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ, դա առաջին հերթին մեր օրակարգի խնդիրն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute - IRI) իրականացրած հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքներին։ 

Դիտարկմանը, որ ըստ հարցման արդյունքների՝ «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, որը 10 տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված նման հարցման արդյունքները, Փաշինյանն ասաց, որ ինքը ոչ բոլոր հարցումներին է ծանոթ. «Կարող եմ ասել հետեւյալը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նաեւ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացրել, եւ խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ բերած վերջին հարցումը կանխատեսում էր «Իմ քայլը» դաշինքին՝ 60 տոկոս։ Բայց ընտրությունների արդյունքում մենք ստացանք 70 տոկոս ձայն, ի՞նչ բացատրություն սա ունի. հարցմանը մասնակցում է պատասխանողների 100 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցում է ընտրողների ոչ 100 տոկոսը։ Եվ ինձ համար մեր հարցումներով, որոնցից այս ընթացքում ես միշտ օգտվում եմ, դա որոշակի մեխանիզմներով է արվում, մենք այդ հարցումներում այդպիսի տատանումներ չենք արձանագրում»։

Անդրադառնալով դիտարկմանը՝ թե կա կարծիք, որ կառավարության որակը բարձր չէ, եւ հարցումները ցույց են տալիս, որ վարչապետի գրասենյակը բարձր ցուցանիշ ունի, բայց կաբինետի հանդեպ չկա վստահություն, այն համարվում է անփորձ, հետեւաբար ամեն ինչ Փաշինյանի ուսերին է, վարչապետն արձագանքեց. «Կա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում, իհարկե կա։ Ի՞նչ կապ ունի դրա հետ, այսպես ասած, նոր երիտասարդ թիմը։ Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը։ Դա 1 տոկոս, 2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է, եւ 98 տոկոսն էլ կառավարման այն համակարգն է, որը մենք ունեցել ենք նաեւ իշխանափոխությունից առաջ։ Այստեղ պրոբլեմը ոչ այնքան մարդկային է, որովհետեւ այս կառավարման համակարգը, ի վերջո, այն գոյություն է ունեցել շատ երկար տարիներ»։

Փաշինյանի խոսքով՝ այսօր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, եւ քչերն են նկատում, որ կոռուպցիան կառավարման որոշակի համակարգ է. «Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում ենք՝ կոռուպցիան վատ երեւույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, որ կոռուպցիան նաեւ կառավարման որոշակի համակարգ է, որովհետեւ ես որպես պետական պաշտոնյա, պետք է ընտրություն կատարեմ, թե ի՞նչ ընթացք տամ այս մի բաժակ խնդրին, կամ պոտենցիալ հավակնորդներից ո՞ւմ վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը։ Երբ կա կոռուպցիոն համակարգ, խնդիրը շատ է, ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այս ջուրը։ Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր, եւ կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է՝ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել միայն Վենետիկի հանձնաժողովի եւ այլ կառույցների համար։ Եվ հիմա եթե դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այլ ցույց տալու համար է։ Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան»։

Վարչապետը նշեց՝ այսօր կան իրավիճակներ, երբ կառավարման համակարգում կոնկրետ ընթացք չի տրվում հարցերին, եւ այդ տրամաբանությամբ էլ շատ մարդիկ սովոր են կոռուպցիայով աշխատել. «Երբ չկա այդ համակարգը, նրանք ուղղակի չեն հասկանում՝ բա ո՞նց աշխատել, ի՞նչ սկզբունքով։ Կա նաեւ հակառակը, երբ կան մարդիկ, ովքեր ունեն բավարար որոշումներ կայացնելու ունակություն, նրանք էլ, շատ դեպքերում որոշում չեն կայացնում, ասում են՝ բա որ այս որոշումը կայացնենք, ասեն՝ այստեղ մի բան կա, այս շինարարության թույլտվությունը որ տվեցիր, էս ինչի՞ տվեցիր այդ թույլտվությունը, կամ այս կարգի այլ բաներ։ Ես ասեմ, որ ընդհանրապես  մեր քաղաքական թիմն այն թիմն է, որը ապահովել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակ։ Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին, եւ այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին, եւ վայելում է ժողովրդի վստահությունը։ Այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ՝ երկիրը կառավարելու։ Եվ կարծում եմ, որ հեղափոխության շրջանը հենց դրա մասին է վկայում։ Բայց որ մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ, դա իհարկե այդպես է, եւ դա, առաջին հերթին, մեր օրակարգի խնդիրն է։ Եվ մենք անընդհատ աշխատում ենք դրա վրա»։

Դիտարկմանը՝ քննադատություններ են հնչում  նաեւ «Իմ քայլը» դաշինքի հասցեին, որ այնտեղ նույնպես անփորձ պատգամավորներ կան, եւ թե դա վարչապետի վարկանիշն է, Փաշինյանը պատասխանեց. «Կներեք, այդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանի Հանրապետությունը հասցրել այն վիճակին։ Եկեք տեսնենք՝ ինչքան փորձառու կադրեր կային, ինչի՞ մեջ փորձառու։ Մենք ինչ որ ուզում ենք անել, մեզնից առաջ էլ, բազմաթիվ հեղափոխականներ այդպես էլ չկարողացան հեղափոխություն անել, բայց այդ երիտասարդ թիմը, չնայած ես ասեմ՝ երիտասարդ բառը նույնպես չեմ ընդունում, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել Ազգային Ժողովի պատգամավոր, նախարար եւ այլն։ Քաղաքական երիտասարդությունը ուրիշ կատեգորիա է։ Մեզնից առաջ տեսեք՝ ինչպիսի կարկառուն հեղափոխականներ են եղել, կամ քաղաքական թիմեր են եղել, որոնք փորձել են Հայաստանում իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել։ Երկրորդ փուլում երիտասարդների թիմը պիտի անի այն, ինչը մենք կոչում ենք տնտեսական հեղափոխություն»։

Փաշինյանն ասաց, որ դա չի նշանակում, որ իր թիմն անթերի է. «Ինձնից սկսած, վերջացրած՝ բոլորով։ Ես չեմ ընդունում նաեւ քաղաքական գործիչների կամ մի քանիսի իդեալականացման փորձերը։ Բոլորս էլ ունենք թերություններ, բոլորս էլ սխալական ենք։ Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, հիմա էլ գոհ չեմ , եւ համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի։ Եվ եթե ես ինքս ինձնից գոհ չեմ, ուրիշ որեւէ մեկից գոհ չեմ կարող լինել։ Նրանք ովքեր ինձ հետ աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում։ Դա ինչ-որ առումով վատ է, երբեմն դեմոտիվացնում է մարդկանց, հիմա փորձում եմ հաղթահարել, երբեմն արտահայտել իմ գոհունակությունը մեր գործընկերների որոշ գործողությունների կապակցությամբ»։