Այս դատական համակարգը՝ սկսած սահմանադրականից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի օրոք տեղի է ունեցել ներիշխանական մանիպուլյացիա, եւ դրա հետեւանքով Սահմանադրականի դատավորները զրկվել են ՍԴ նախագահ ընտրելու իրավունքից։  Հրայր Թովմասյանին խոհրդարանն է ընտրել հին սահմանադրությամբ եւ լիազորել ղեկավարելու մինչեւ 2030 թվականը։ Սա Փաշինյանը համարեց ՍԴ-ի  ցմահ սեփականաշնորհում եւ  ըստ էության՝ բարձրացրեց Թովմասյանի հեռացման պահանջը, թեեւ չորոշակիացրեց, թե ինչ եղանակով է դա արվելու։ Կարելի է ենթադրել, որ վարչապետը ուղեցույց է համարում Վահե Գրիգորյանի նամակը, որը, ասաց՝ իրեն ցնցել է՝ հուշելով ՍԴ-ն սեփականաշնորհելու մանիպուլյացիայի մասին։ Ի դեպ, Փաշինյանի այս հարցազրույցը նաեւ պատասխանն էր Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, ըստ որի՝ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար, իսկ ՍԴ «դատավոր»-«անդամ» բառախաղը, որի հեղինակը նույն Վահե Գրիգորյանն է, ողջամիտ չէ։ 

Վենետիկի հանձնաժողովը չաջակցեց իշխանություններին՝ իրականցնելու վեթինգ։ Ինչն էր պատճառը, ով կամ ովքեր թերացան, որ Փաշինյանի հայտարարած առաջնահերթությունը ձախողվեց։ Այս մտորումներով Էդմոն Մարուքյանը «լայվ» էր մտել՝ թիկունքում ԱՄՆ գերագույն դատարանը։

Այսօր մամուլը գրեց, որ խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, առգրավել են նրա համակարգիչը։ ՀՔԾ-ից հաստատել են լուրը, բայց այլ մանրամասներ չեն հայտնել։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում  խուզարկություն է կատարվել քրեական գործի շրջանակում, որ հարուցվել է մի քաղաքացու հաղորդման հիման վրա։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ըստ հաղորդման՝ Գրիգորյանի կողմից խախտվել են իր վստահորդի իրավունքները։ Փաստաբանը սակայն նշել է, որ այդ հաղորդումը ներկայացվել է նախքան Քոչարյանի և մյուսների գործը դատավոր Գրիգորյանին մակագրելը։ Բարձրագույն դատական խորհրդից NEWS.am-ին հայտնեցին որ հետեւում են քրեական գործի ընթացքին, եւ եթե նկատվի դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքեն։

Արդարադատության նորանշանակ նախարարը բանակից ազատվել է ողնաշարի խնդրի՝ սկոլիոզի պատճառով․ սա պաշտոնապես։ Երեւանի ավագանու նախկին անդամ Մարիա Խաչատրյանը՝ մասնագիտությամբ բժիշկ, նկատել է, որ նախարարը բավական ուղիղ կեցվածք ունի, որ հատուկ չէ սկոլիոզով հիվանդին։ Նա բաց նամակ է հղել իրավապահներին, առաջարկել, որ հանձնաժողով ստեղծվի, եւ ինքն էլ ներգրավվի կազմում, որպեսզի կրկին հետազոտեն նախարարին։ Ի պատասխան՝ Բադասյանի մամուլի քարտուղարը՝ հայտարարել էր, որ նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որեւէ հիվանդանոց եւ կրկին հետազոտվել։

Նախիջեւանից հակառակորդը հուլիսի 11-ից կրակում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ NEWS.am-ի հետ զրույցում Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը հայտնեց, որ այդ կրակոցներից հրդեհ է բռնկվել, որը մարել են զինծառայողների հետ, կրակոցներ են եղել նաեւ մեքենաների ուղղությամբ, գնդակներ են դիպել բնակելի տան տանիքին։ Ըստ գյուղապետի՝ հակառակորդը կրակում է, որպեսզի ցորենի արտերում հրդեհ բռնկվի։

Գույնը փոխող Սեւանի խնդրով ԲՀԿ-ն խորհրդակցություն էր հրավիրել ազգային ժողովում։ Բայց քննարկմանը չէին ներկայացել Շրջակա միջավայրի եւ Առողջապահության նախարարները։ Նրանց բացակայությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դուր չեկավ։ Մի քանի առաջարկ եղավ, օրինակ որ պետք է ցրել Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, քանի որ տարիներ շարունակ անգործության է մատնված եղել։ Հանձնաժողովն էլ նույն մեղադրանքն ուղղեց Սեւանի ազգային պարկին։ Ի վերջո հանգեցին նրան, որ հետևողական աշխատանք է պետք եւ նախ վարչապետի կողմից։

Այսօր լրանում է ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարին։ Սասնա ծռերի ներկայացուցիչները սա անվանում են հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձ եւ շնորհավորելու առիթ։ Ավելին՝ Վարուժան Ավետիսյանը առաջարկել է հուլիսի 17-ը պաշտոնապես հռչակել ազգային տոն։

Իսկ Վետօ-ն ծաղիկներ դրեց ՊՊԾ գնդի առաջ՝ ի հիշատակ զոհված ոստիկանների, Սասնա ծռերին էլ խորհուրդ տվեցին հերոս չներկայանալ։

Երեկ գիշեր ողբերգական վթար է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում, զոհվել է հայաստանցի մի ամբողջ ընտանիք՝ 28-ամյա տղամարդ, նրա կինը եւ երկու դուստրերը՝ 7 եւ 5 տարեկան: Նրանց «Ford» մակնիշի մեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր։ Գյուղապետը NEWS.am-ին պատմել է, որ ընտանիքի հայրը աշխատում էր Ռուսաստանում, կնոջն ու երեխաներին կանչել էր հանգստի։ Նրանք մի քանի օր առաջ էին մեկնել Կրասնոդար։

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան Բելգիայի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Նա 67 տարեկան էր, խաղացել է բազմաթիվ ներկայացումներիում եւ ավելի քան 20 ֆիլմերում։ 2004 թվականից բնակվում էր Բելգիայում։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 534 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 590, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 58 դրամ։

Վաղը ցերեկը Հայաստանի հյուսիսային որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: