Կարծում եմ՝ Հայաստանում որեւէ մեկը չի կասկածում, որ մենք ունենք լիարժեք քաղաքական կամք վճռական պայքար տանելու համար։ Այս մասին՝ այսօր՝ հուլիսի 17–ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե որոշակի դժգոհություն կա թավշյա մեթոդներից, մեղմ գործիքակազմից, մասնավորապես, որ թալանչիները բանտում չեն եւ նրանց ապօրինի փողերը ետ չեն բերվել։

Վարչապետի խոսքով՝ շատ կարեւոր է գործընթացը կառուցել այնպես, որ Հայաստանի ժողվրդավարական իմիջը եւ ժողովրդավարությունը մեր երկրում չտուժի։

«Կան քրեական գործեր, ես մեր գործընկերներին հրավիրում եմ, ասում եմ՝ լավ այս քրեական գործն արդեն 7, 8, 9 ամիս է փաստերը կան, ինչո՞ւ առաջ չի գնում, եւ կա օրինակ՝ այսպիսի պատասխան, որ այդ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի։ Կա քրեական գործ, երբ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից մեկը Երեւան քաղաքի կենտրոնում, թիվը մանրամասն չեմ հիշում, փոքր կենտրոնում ունի 80 թե 100 անշարժ գույք, որոնց մի մասը սեփականաշնորհված մանկապարտեզներ եւ այլն։ Ասում եմ՝ այդ գործն ինչո՞ւ առաջ չի գնում, ասում են՝ որովհետեւ պետք է վնասը գնահատենք։ Իսկ որպեսզի վնասը գնահատենք, պետք է փորձաքննություն անենք՝ բոլոր շենքերի, բոլոր անշարժ գույքերի։ Քանի որ անշարժ գույքերը չափելու համար մեր հայրենի երկրում համապատասխան տեխնիկա չկա, փորձագետն այդ գույքի մակերեսը չափելու համար գնում մետրով է չափում։ Սա ընդամենը մեկ օրինակն է։ Այսօր օրինակ քննչական մարմինները գալիս են եւ ասում են՝ այս գործերն այսպես քննել չի լինի, որովհետեւ Հայաստանում փորձագիտական կարողություններ չկան։ Հիշո՞ւմ եք, որ ասում էի կառուցակարգերը նրա համար չեն եղել, որ կիրառվեն, որովհետեւ Հայաստանում քրեական գործի քննությունը ո՞նց է եղել. ասել են՝ մեղավոր է, անմեղ է։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք իսկականից պետք է որոշենք մեղավոր է եւ անմեղ է։ Պարզվում է, որ մեր քննչական մարմինների տեխնիկական հագեցվածությունը, մեր ընթացակարգերը, մեր փորձագիտական կարողությունները նախատեսված չեն, որ պատշաճ ժամանակներում այդ հարցերի պատասխանները տան»։

Վարչապետը խոսեց նաեւ քննիչների կատարած աշխատանքի եւ ստացած աշխատավարձի անհամապատասխանությունից. «Մենք այսօր 300–400 հազար դրամ ստացող քննիչին ասում ենք գնա, որ պետությունից 100 միլիոն դոլար է գողացել եւ մի 100 միլիոն դոլար էլ երեւի բանկում ունի, պատասխանատվության կանչի։ Ասենք, որ այդ մեկը գալիս է հարցաքննության երեւի միայն ժամացույցը քննիչի ամբողջ կյանքի աշխատավարձն է։ Բայց սա ես չեմ արդարացնում, ես եմ ամբողջ օրն այդ հարցերը տալիս նրանց՝ ում կարող եմ տալ։ Շատ քննիչներ կան, ասում են՝ չհասկացանք այս գյոզալ գործս ուղարկեմ դատարան, որ գնան վերջում ասեն, չգիտեմ, ինչ սխեմաներով ինչ բաներ անեն, այսպիսի երեւույթ էլ կա։ Այսօր գործեր կան, ասում են՝ չենք ուղարկի դատարան, ասում եմ՝ ո՞նց չեք ուղարկի դատարան, ասում են՝ ինչ, ուղարկենք մեր 400 հազար դրամ աշխատավարձով, օր ու գիշեր արած աշխատանքը այդ մեզ ու ձեզ հայտնի դատավորները չագուչը խփեն սեղանին, ասեն ցտեսություն հարգելի թալանչի, կոռումպացված, գնա հետո կտեսնվենք «ֆիզկուլտ պրիվետ»»,- եզրափակեց նա։