Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այս պահին բանակցություններ է վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ճանապարհը դեռեւս փակ է։

Նա հայտնեց, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։

Նշենք, որ բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։ Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:

Ցուցարարների հետ բանակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։