Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ հոսպիտալացվել են, այդ թվում՝ 11 ոստիկաններ։

Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:

Ցուցարարների հետ բանակցել են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությւոնների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: 

Այժմ ճանապարհը բաց է, ըստ ցուցարարների՝ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։