Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։

Նա նշեց, որ մարզպետը խոստացել է 1 խմ փայտը տրամադրել 6 հազար դրամով, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ:

Ավելի ուշ՝ մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել, այլ առաջարկվել է քամատապալ ծառերի 1 խմ համար վճարել 6000 դրամ:

Նշենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում էին էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ հոսպիտալացվել են, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ 11 ոստիկան է հոսպիտալացվել։ 

Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

Ցուցարարների հետ բանակցել են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: