Մեր մոտեցումը միանշանակ է եւ անդրդվելի, որ անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով փայտահատումների խնդրին, որ հանգեցրել էր Իջևանում տեղի ունեցած այսօրվա դեպքերին:

Մարզպետի խոսքով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել, բիզնես ձեւավորել եւ այսօր այդ նախկին թողտվությամբ ցանկանում են շարունակել անտառահատումները, սակայն որևէ զիջում չի լինելու անօրինականությանը:

«Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած արդեն Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց»,- նշեց մարզպետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ հոսպիտալացվել են, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ 11 ոստիկան է հոսպիտալացվել։ 

Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեւանքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Բանակցություններից հետո ճանապարհը բացվել է: