ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ իմփիչմենթ սկսելու բանաձեւը։ Նախագահին իշխանությունից հեռացնելու նախաձեռնությունը կիսել են Կոնգրեսի ստորին պալատն այժմ վերահսկող Դեմոկրատական կուսակցության ոչ բոլոր անդամները, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Բանաձեւն առաջարկած դեմոկրատ Ալ Գրինը որոշել է բանաձեւը ներկայացնել պալատի քննարկմանը՝ Թրամփի հասցեին աճող քննադատության հետ կապված։ Երեկ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է նախագահի արտահայտությունները չորս դեմոկրատ կոնգրեսականների մասին, որոնք նրանց կուսակիցներն անվանել են ռասիստական։

Իմփիչմենթի բանաձեւին աջակցել է միայն 95 օրենսդիր։ Նախաձեռնությունը մերժել է 332 կոնգրեսական։

Մինչեւ այսօր Գրինն արդեն երկու անգամ փորձել է բանաձեւը ներկայացնել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, եւ ամեն անգամ նրա նախաձեռնությունը չի արժանացել օրենսդիրների հավանությանը։ Իմփիչմենթի մասին բանաձեւն առաջին անգամ դրվել է համընդհանուր քվեարկության։