Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջեւանի ԲԿ-ի հերթապահ վիրաբույժը:

Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։

«Ոստիկանները եղել են ներքին զորքերից , ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։

Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։

Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։  Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։

Նշվեց նաեւ, որ Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:

Նշենք, որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներից մի քանիսը NEWS.am-ին են ուղարկել իրենց լուսանկարները՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ցուցարարները բողոքում են ապօրինի ծառահատումների հարցում իշխանությունների նոր խստացումներից: Բախումների հետեւանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Իջևանում բախումներից հետո ահազանգեր են եղել ՄԻՊ-ի թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ կապի մեջ են ոստիկանության հետ։

Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել դեպի Վրաստան տանող մայրուղին, որի հետեւանքով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր, որ ոչ մի զիջում չի լինելու, անօրինական ոչ մի պահանջ չի կատարվելու:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: