Իջեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից հարվածներ տեղի չեն ունեցել, հարվածները միայն քաղաքացիների կողմից է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, Իջեւանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանը:

Նա ներկայացրեց երեկ տեղի ունեցածը՝ մանրամասնելով. «Երեկ մի խումբ քաղաքացիների ցերեկային ժամերին տարբեր հատվածներում փակեցին ճանապարհները: Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվեց, իսկ երեկոյան արդեն քաղաքացիների թիվը հասել է 500-600-ի: Նրանք հրաժարվել են կատարել ոստիկանության պահանջները, հրաժարվել են բացել ճանապարհը: Իմ կողմից որոշում կայացվեց, հանձնարարվեց, որպեսզի օրենքի սահմաններում շղթա կազմեն եւ փորձեն հայտարարելուց հետո քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն եւ ստիպեն, որ ազատեն ճանապարհի փակված հատվածը:

Նրանք մեր օրինական պահանջը դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով, այդ թվում քարերով: Ոստիկանության 11 աշխատակիցներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ:

Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջեւան եւ ինքս անմիջապես շտապեցի այստեղ: Ես իրավիճակի մասին անմիջապես հայտնեցի վարչապետին եւ մեկնեցի Իջեւան:

Ինձ դիմավորեցին մոտ 30 քաղաքացի, ես նրանց հետ բանակցեցի, որը տեւեց կես ժամ: Նրանք պահանջում էին, որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղակայված անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են ապօրինի ծառահատման դեպքերը: Նրանք փորձում են դա տեղափոխել Երեւան եւ այլ մարզեր՝ վճառելու համար: Նրանք պայմանով էին խոսում, որ դուք հանեք այդ պահակակետերը, առգրավված փայտով բեռնված մեքենաները, որոնք գտնվում էին ոստիկանության բաժիններում, պայման էին դրել, որ վարորդներին թողնենք, չկազմենք որեւէ արձանագրություն: Ես բացատրեցի, որ մենք ոչ թե չենք թողնելու եւ հրաման չեմ տալու, որ պահակակետերը վերացնեն, այլ նաեւ միջադեպի հետ կպված քրգործ է հարուցվելու եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու»:

ՀՀ ոստիկանապետը նշեց, որ այս պահին քրեական գործ է հարուցված, ունենք բերման ենթարկված 19 անձ:

«Շարունակական է լինելու աշխատանքը մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու առումով: Հանդուրժող չենք լինելու: Անթույլատրելի եմ համարում նման ոճով, նման պայմանով խոսել: Երկար  տարիներ սովոր են եղել, որ ոչնչացրել են անտառը եւ անօրինական զբաղվել են անտառի առուվաճառքով: Քանի որ մենք խոսում ենք օրինականությունից, հեղափոխությունից հետո բոլորի պահանջն էր, որ բոլորի գործողությունները պետք է բխեն օրենքից:

Մենք թույլ չենք տալու, որ նմանատիպ տոնով խոսեն ոստիկանության հետ, պետության ներկայացուցչի հետ եւ իրենք թելադրեն, թե ինչ անենք:

Հանդուրժող լինելը չի նշանակում, որ ոստիկանությունը թույլ է: Մենք հիմա էլ ենք ասում, որ քաղաքացիներից մեկն ենք, կանգնած ենք քաղաքացիների կողքին, մենք բոլորի ոստիկանն ենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ հանդուրժողականությունը փորձել են դիտարկել որպես թուլություն: Այո, ոստիկանությունը կիրառել է եւ կիրառելու է ֆիզիկական ուժ, որը նախատեսված է օրենքներով, այդ թվում տարբեր տեսակի հատուկ միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա,-հայտարարեց Օսիպյանը:

Նա չցանկացավ պարզաբանել, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը. ««Բայց վստահեցնում եմ, որ Իջեւանում հասարակական կարգը ապահովված կլինի»,-ասաց նա: