Իրանը «երբեք պատերազմ չի սկսի», բայց «կպաշտպանի իր տարածքը» ագրեսիայի ցանկացած ակտից։ Այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն տնտեսական պատերազմ է վարում Իրանի քաղաքացիական բակչության դեմ։ «Հիմա պատերազմ է ընթանում։ Դա տնտեսական պատերազմ է Իրանի դեմ, որն ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ տնտեսական պատերազմը հպարտության առիթ չի տալիս, որովհետեւ ռազմական դիմակայության ժամանակ քաղաքացիական անձինք կարող են դառնալ պատահական զոհ, բայց տնտեսական պատերազմում քաղաքացիական անձինք հիմնական թիրախն են»։

Պատասխանելով  ԱՄՆ-ի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին՝ Զարիֆն ասել է. «Մենք երբեք պատերազմ չենք սկսել, եւ երբեք չենք սկսի պատերազմ, բայց մենք կպաշտպանենք մեզ, եւ նա, ով Իրանի դեմ պատերազմ սկսի, չի լինի նա, ով կավարտի այն»,- ընդգծել է նա։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն «աշխատեն՝ պատերազմից խուսափելու համար»։

«Մենք պաշտպանում ենք մեր տարածքը»,- կրկնել է Զարիֆը։ «Ամերիկյան անօդաչու սարքը ներխուժել էր Իրանի տարածք, խախտել Իրանի օդային տարածքը։ Այն խփվել է, որովհետեւ, անգամ Իրանի սահմաններ չմտնելով, կարող էր լրտեսել մեր ամբողջ տարածքը, այն ոչ միայն սպառնում էր մեր մեր տարածքային ամբողջականությանը, այլեւ մեր ազգային անվտանգությանը։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի օտարերկրացիները սպառնան մեր ազգային ինքնիշխանությանն ու կայունությանը»,- ավելացրել է նա։