Իտալական Տրենտինո նահանգում արջին հաջողվել է փախչել էլեկտրականացված ապաստարանից։ Կենդանապաշտպանները հնարամիտ արջին համեմատում են «Մեծ փախուստ» ֆիլմի հերոսների հետ եւ անվանում հանճարեղ, իսկ տեղի իշխանությունները փորձում են բռնել փախստականին, տեղեկացնում է BBC-ն։

Երեք տարեկան արջը թակարդն էր ընկել կիրակի, Վալ Ռենդենա հովտում, որը գտնվում է Իտալիայի հյուսիսում։ Նրան տվել են М49 համարը եւ տեղակայել հատուկ ապաստարանում՝ որոշելով, որ կենդանին վտանգ է ներկայացնում մարդկանց եւ կենդանիների համար։ Բայց մի քանի ժամ հետո արջը փախել է՝ հաղթահարելով երեք էլեկտրապարիսպներն ու 4 մետր բարձրությամբ պատնեշը։

Անտառապահները շներով նետվել են նրա հետեւից. ենթադրվում է, որ արջը թաքնվել է Մարցոլա անտառում Տրենտո քաղաքի մոտ։ Նահանգապետ Մաուրիցիո Ֆուգատին անտառային ծառայությանը թույլ է տվել կրակել կենդանուն՝ ասելով, որ արջի փախուստը էլեկտրապարսպով շրջապատված ապաստարանից՝ 7 հազար վոլտ լարվածությամբ, ապացուցում է, թե որքան վտանգավոր է նա։

Նման կարգադրությունը ցնցել է կենդանապաշտպաններին եւ սոցցանցերի օգտատերերին. նրանք ծափահարում են արջին հնարամտության համար եւ համեմատում 1963-ի «Մեծ փախուստ» ֆիլմի Սթիվ Մաքուինի հերոսի եւ Marvel-ի սուպերհերոսների հետ։

«Փախիր, արջ, փախիր»,- գրել է օգտատերերից մեկը՝ օգտագործելով #fugaperlaliberta (փախուստ դեպի ազատություն) հեշթեգը։