Վեց օտարերկրացի զբոսաշրջիկ Թաիլանդի հարավային Քրաբի նահանգում հինգշաբթի գիշեր ծովում մերկ լողալու համար կալանվել է ոստիկանության կողմից տեղի բնակչի ահազանգով եւ տուգանվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Thaiger ինտերնետ-պորտալին։

17-20 տարեկան հինգ աղջիկ եւ մեկ երիտասարդ, որոնք Թաիլանդում հանգստանալու էին եկել Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Իսպանիայից եւ Ճապոնիայից, հարցաքննության ժամանակ ասել են, որ ձանձրացել են, որովհետեւ բոլոր բարերը փակ են եղել երկու օրով բուդդայական տոնի կապակցությամբ, եւ նրանք որոշել են բազմազանության համար մերկ լողալ, տեղեկացրել է պորտալը։

Թաիլանդում հուլիսի 16-17-ին արգելված է ալկոհոլի վաճառքը բուդդայական պասի հետ կապված։ Հինգշաբթի ալկոհոլի վաճառքը վերսկսվել է սովորական ռեժիմով։

Բոլոր կալանված օտարերկրացիներին հանրային կարգի խախտման եւ անհամեստ վարքի մեղադրանք է ներկայացվել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը եւ վճարել 500 թաիլանդական բաթ (16,6 դոլար) վարչական տուգանք՝ յուրաքանչյուրը, ինչից հետո ազատ են արձակվել եւ շարունակել հանգիստը, ասվում է հաղորդագրությունում։