Մենք դեռ մեկ տարի առաջ հայտարարել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք ապօրինի ծառահատումների գործընթացը. երբ մենք էկրանների առաջ ամբիոններից հայտարարություններ ենք անում, մարդիկ էկրանների առաջ մեզ նայելով քմծիծաղ են տալիս եւ 2-3 օր դադարից հետո նույն գործողությունները շարունակում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին, որտեղ ծառահատումների թույլտվության պահանջով քաղաքացիների ու ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:

«Կարող է տպավորություն լինել, թե Տավուշում, Լոռիում բոլորը զբաղվեծ են փայտ կտրել ու վաճառելով: Բոլորովին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց եւ այսօր գործ ունենք այդ ցանցի հետ:

Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, հետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու եւ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Կառավարության հետ որեւէ մեկը շանտաժով չի կարող խոսել, եւ սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ նկատեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ անտառը չկտրելով՝ նրանք ավելի կարող են հարստանալ, քան կտրելուց եւ նկատեց՝ այն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ. «Նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ոնց եղել են՝ խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են: Սա նշանակում է, որ մենք գնում ենք սխալ ճանապարհով»: