«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները տագնապ են հնչեցնում կրիպտոարժույթների, մասնավորապես՝ Ֆեյսբուքի Libra թվային դրամի վտանգավորության առիթով։

ԱՄՆ, Ֆրանսիայի եւ այլ երկրների պաշտոնատար անձինք թերահավատորեն են վերաբերվում Libra-ին եւ կրիպտոարժույթներին, որոնք կարող են ֆինանսական համակարգն ավելի արդյունավետ դարձնել, բայց եւ ռիսկեր են պարունակում։

«Ազգերի ինքնիշխանությունը չի կարող սպառնալիքի տակ դրվել»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը՝ նկատի ունենալով մասնավոր ընկերություններին, ինչպիսին է Ֆեյսբուքը։

Ֆեյսբուքն առաջարկել է ստեղծել Libra կրիպտոարժույթ, որը կապված կլինի գոյություն ունեցող արժույթների հետ, ինչն այն ավելի կայուն կդարձնի, քան բիթքոինը, եւ կունենա բազմաթիվ խոշոր ընկերությունների աջակցությունը։ Ողջ աշխարհի կառավարությունները փորձում են գնահատել, թե ինչպես դա կազդի տնտեսության վրա։

Լը Մերը տեղեկացրել է, որ G7-ի նախարարները նշել են, որ թեեւ կայուն կրիպտոարժույթները, ինչպիսին է Libra-ն, կարող են նվազեցնել փոխանցումների ծախսերը եւ օգնել ֆինանսական ծառայությունների տրամադրմանը, դրանք նաեւ խնդիրներ են ստեղծում եւ պետք է պատասխանատվություն կրեն կառավարությունների, այլ ոչ թե միայն կորպորացիաների առջեւ։ Libra կարող է, օրինակ, նպաստել փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը, եւ ազդել սահմանված արժույթների արժեքի վրա։