Հաճախ լինում են դեպքեր, երբ ջուր համայնքում կա, այսինքն ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյոք կարողանում ենք  ոռոգման ջուր մատակարարել գյուղացիներին, ինչին Սուրեն Պապիկյանը հիշատակելով Արարատի Մմարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների մի քանի օր առաջվա բողոքի ակցիան, նշեց. «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն ապօրինի պահանջ, որը նման է երեկվա պահանջին (նկատի ունի Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիան-խմբ): Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ օրինակ գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որեւէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, վեր հանել պրոբլեմները: Դա բխում է մեր շահերից»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է ճիշտ ներկայացնենք  վիճակը. Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի ձրի ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաահումների պատճառով»:

Վարչապետը պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե ինչ է պարզվել ՋՕԸ-ներում ուսումնասիրությունների արդյունքում: վերջինս նշեց, որ այս պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են Շենիկ ՋՕԸ-ում, որպեսզի Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենան. «Բայց արդեն շուրջ 3,6 մլրդ դրամի չարաշահումներ ենք հայտնաբերել մեր ուսումնասիրությունների արդյունքում, ինչի արդյունքում քրգործեր են հարուցվել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի առաջ՝ հայտարարելով, որ իրենց այգիները չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով։