Մոսկվայում սիրային եռանկյունու կրքերի արդյունքքում տուժել է հայաստանցի: «ՄԿ»-ն գրում է, խանդոտ նախկին ամուսինը պարզաբանումների է հրավիրել նախկին կնոջ նոր զուգընկերոջը: Վիճաբանության արդյունքում հայը հայտնվել է հիվանդանոցում:

Հրատարակությունը չի նշում սիրային եռանկյունու մասնակիցների իրական անունները: Աղբյուրի համաձայն՝ Մոսկվայի բնակչուհի Ելենան սկսել է հանդիպել 42-ամյա Արսենի հետ, ինչը դուր չի եկել նրա նախկին ամուսին Դանիիլին: Վերջինս առանց այդ էլ որդու պատճառով պարբերաբար սպառնացել է կնոջը:

Հանգուցալուծումը տեղի է  ունեցել երեքշաբթի երեկոյան: Արսենը Ելենային եւ նրա որդուն տարել է Յունիխ Լենինցեւ փողոցում գտնվող նրանց տուն: Նա իր «Գելենդվագենը» կայանել է մուտքի մոտ եւ ընտանիքը մտել է շենք: 4-րդ եւ 5-րդ հարկերի միջեւ անսպասելիորեն նրանք հանդիպել են Դանիիլին, որը Արսենին կանչել է խոսելու: Երբ տղամարդիկ իջել են, խանդոտ տղամարդը հանել է տրավմատիկ զենքը եւ կրակել: Փամփուշտները դիպել են տղամարդու գլխին, մարմնին, ձեռքին եւ ոտքին, իսկ հրաձիգը փախել է: Տուժածն անգիտակից վիճակում  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկները դրական կանխատեսումներ են անում:

Իրավապահները պարզել են, որ Դանիիլը վիճաբանության էր եկել մեքենայով եւ երկու ընկերների հետ:

Ընկերներից մեկը մնացել էր մեքենայում նստած ղեկի մոտ, մյուսը նրան սպասել էր քիչ հեռու, իսկ կասկածյալը սկզբում կոտրել էր տեսահսկման սարքը, իսկ հետո մտել շենքի մուտք:

Ինչ վերաբերում է տուժողին, ապա որոշ տվյալներով, նա իր հայրենիքում դատվածություններ ունի եւ այս տարվա սկզբին  էլիտար բաճկոնի գողության համար դատապարտվել է Մոսկվայում: Բացի այդ Արսենը հետախուզվում է ոստիկանության կողմից այն պատճառով, որ Ղազախստանից Մոսկվա է տարել իր փոքրիկ որդուն եւ թաքնվել:

Ելենայի խոսքով՝ նա վաղուց զղջացել է այդ արարքի համար, կապ հաստատել նախկին կնոջ հետ եւ այժմ նրա հարազատ որդին ապրում է մոր հետ: