Իջեւանի իրադարձությունները իշխանության ինստիտուցիոնալության տրամաբանական հետեւանքն են: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկոսի ինստիտուտի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ միջադեպն, իհարկե, կհանգեցնի իշխանությոթւնների վարկանիշի նվազմանը, սակայն իրադարձությունները պետք է ավելի լայն կոնտեքստում դիտարկել:

«Հետհեղափոխական շրջանում տեղի են ունենում բնորոշ երեւույթներ անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել հեղափոխությունը: Մասնավորապես դա դրսեւորվում է վերնախավի կտրուկ փոփոխությամբ, ընդ որում ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական եղանակով, ինչը հանգեցնում է իշխանության ինստիտուցիոնալության աստիճանի նվազման:

Ռեպրեսիվ միջոցների համար լեգիտիմ  մենաշնորհ ունենալու իշխանությունների հնարավորությունները նվազում են: Ինչի արդյունք     ում Ոստիկանությունը, այլ պետական ինստիտուտները  բնակչության աչքին պակաս լեգիտիմ են դառնում, պարզապես այն պատճառով, որ վերջերս բնակչությունը ողջ երկրի մակարդակով որոշակի քաղաքկան փոփոխություններ էր տեսել:

Հեղափոխությունը վաղ թե ուշ կանգ է առնում եւ նրան հետեւում է իշխանության ինստիտուցիոնալությունն արդեն նոր պայմաններում:

Մենք այդ ամենի դրսեւորումը տեսնում ենք կյանքի տարբեր ոլորտներում եւ կոնկրետ իրադարձությունների օրինակով, այդ թվում նաեւ Իջեւանում», - նշեց նա:

Իսկանդարյանը հավելեց, որ Իջեւանի իրադարձությունները պետք է դիտարկել որպես ընդհանուր իրավիճակի արտացոլում, երբ ճանապարհներ փակելը լեգիտիմ է, իսկ բողոքի ցույցեր ցրելը՝ ոչ լեգիտիմ:

«Նման երեւույթները կարող են տեղի ունենալ այնքան ժամանակ մինչեւ որ կավարտվի իշխանության ինստիտուցիոնալությունը», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել նրանց։

Իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։